Չինաստանի նահանգներից մեկի` Հույչժոուի կենտրոնը համարվող Գույան քաղաքում 10-ամյա երեխան 20-րդ հարկից վայր է ընկնել ու  կենդանի մնացել: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, բնակարանի պատուհանից վայր ընկած տղան գլխիվայր ընկել է ներքեւում կայանված մեքենայի ապակուն: Հարվածից մեքենայի սրահի անվտանգության բարձիկները բացվել են, եւ հենց դա էլ փրկել է երեխայի կյանքը:

Բժիշկների ասելով, երեխայի մոտ ոչ մի կոտրվածք չի հայտնաբերվել, բայց ընկնելիս նա արյան զեղում է ստացել, ինչը եւս նրա կյանքին չի սպառնում:

Ոստիկանությունում հայտարարել են, որ  շենքի մոտ տեղադրված տեսախցիկների արձանագրած դրվագները հաստատում են, որ երեխան ինքն է անձրեւի պատճառով բացված պատուհանից ցած ընկել: Թեեւ տեղի ունեցած փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել, այդուհանդերձ, նախաքննական մարմինը չի կասկածում, որ դա դժբախտ պատահար է եղել:

Նման դեպք տեղի էր ունեցել նաեւ սեպտեմբեր ամսին, Նյու-Յորքում: Այն ժամանակ 22-ամյա Թոմաս Մեյգիլլն էր շենքի 40-րդ հարկից վայր ընկնելուց հետո  կենդանի մնացել:Նա «վայրէջք» էր կատարել կայանված ավտոմեքենայի հարեւանությամբ: Երիտասարդն ընկնելիս կոտրել էր մեքենայի հետնամասի ապակին եւ նստել հետին սրահի նստատեղին: Ավելի վաղ` 2007թ. դեկտեմբերին, Նյու-Յորքում պատուհան մաքրող Ալսիդես Մորենոն էր ցած ընկել 47-րդ հարկից եւ դարձյալ կենդանի մնացել: