Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը  2010-ի հունվարից սկսած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շարունակում է աճել։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարությունից,  2010-ի հունվարից մինչ սեպտեմբեր Թուրքիա է այցելել 52525 Հայաստանի քաղաքացի։  Ամիսների կտրվածքով ամենամեծ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է հունվարին՝ 29 տոկոս, իսկ ահա սեպտեմբերին աճը կազմել է 11 տոկոս։

Իր հերթին, տպավորիչ արդյունք են գրանցել իսրայելցիները։  Մայիսի 31-ին «Մավի Մարմարա» թուրքական նավի դեմ իսրայելական զինուժի գործողություններից հետո՝ հունիս, հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին Իսրայելից Թուրքիա այցելողների քանակը նվազել է ռեկորդային՝ 90 տոկոսով։

2010-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա է այցելել ընդհանուր 23 մլն 135 հազար 201 զբոսաշրջիկ, որը մոտ 6 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։