Իրանը պատասխան միջոցներ է պատրաստում ԱՄՆ կողմից պատժամիջոցների հնարավոր երկարաձգման դեմ։ Այս մասին ասել է Իրանի փոխնախագահ, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ այդ միջոցները քննարկվել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նախագահությամբ կայացած միջուկային ծրագրի իրականացման վերահսկման հանձնաժողովի նիստում։ «Այդ նիստում ընդունված որոշումների մասին կհաղորդվի իր ժամանակին՝ ԱՄՆ գործողությունները գնահատելուց եւ վերլուծելուց հետո։ Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը պետք է ընթանա մի քանի փուլով։ Այս պահին այն հաստատել է Կոնգրեսը, սակայն դրա համար անհրաժեշտ է նաեւ, որ այն հաստատի Սենատը եւ ստորագրի նախագահը։
«Եթե այդ բոլոր փուլերն ընթանան, եւ նրանք (ամերիկացիները) ուզենան իրականացնել այդ որոշումը, ապա դա միջուկային համաձայնագրի ակնհայտ խախտում կլինի։ Դա փաստ է, որն ընդունում է ամերիկյան կողմը»,– ընդգծել է Սալեհին։ Պատժամիջոցների հնարավոր երկարաձգումն ու Իրանի կողմից պատասխան միջոցների ձեռնարկումը մանրամասն քննարկվել են հանձնաժողովի նիստում, հավելել է Ալի Աքբար Սալեհին։




























