Եվրախորհրդարանի ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին, Բրյուսելում կայացած նիստում հավանություն է տվել Եվրոպայի եւ Վրաստանի միջեւ համաձայնագրին, որով Վրաստանի քաղաքացիները ավելի պարզեցված կարգով կարող են եվրոպական վիզա ստանալ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Եվրախորհրդարանի իր աղբյուրներին, այդ փաստաթուղթը պետք է Բրյուսելում ներկայացվի Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի հաստատմանը, որը կայանալու է նոյեմբերի 1-ին:
Փաստաթուղթը նախատեսում է, որ Վրաստանի քաղաքացիներին Եվրոպական երկրների վիզա պետք է տրամադրվի կամ այն մերժվի դիմելուց հետո 10 օրվա ընթացքում: Միաժամանակ, վիզաների հատկացման ժամկետը կարող է ձգվել մինչեւ 30 օր:
Բացի այդ, այժմ Վրաստանի քաղաքացիները եվրոպական երկրների վիզա կարող են ստանալ 35 եվրոյով, նախկին 60-ի փոխարեն:
Նշենք, որ Եվրախորհրդարանի եւ Վրաստանի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2010-ի հունիսի 17-ին:





























