Թերթը հայտնում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենան, եթե իր մարզում կարմիր լույսի տակով անցնի, միակողմանի փողոց հակառակ մտնի, հետիոտնի վրայով անցնի՝ ճանապարհային ոստիկաններն իրավունք չունեն այդ մեքենան կանգնեցնել ու , ասենք, փաստաթղթեր պահանջել: Տուգանելու մասին խոսք լինել չի կարող: Բանն այն է, որ Ս.Խաչատրյանը մի անգամ այնպիսի դաս է տվել ճանապարհային ոստիկաններին, որ հիմա նրա մեքենան ոչ մեկը չի համարձակվում կանգնեցնել:
...Գորիսեցիները պատմում են, որ մի օր, երբ ճանապարհային ոստիկանները համարձակվել են կանգնեցնել Խաչատրյանի մեքենան, մարզպետը շատ է բարկացել հենց միայն այն հանգամանքից, որ ոստիկանները իրեն՝ մարզպետին տեղը չեն բերել ու չեն ճանաչել: Նա, ականատեսների հավաստմամբ, ոստիկանների գլխին «շան լափ» լցնելուց հետո մեքենայի շարժիչն անջատել է ու ստիպել ոստիկաններին որպես պատիժ մեքենան հետեւից հրելով հասցնել այնտեղ, որտեղ ինքն է ուզում: Ոստիկաններն էլ, ըստ բնակիչների, Գորիսի հայտնի Զանգերի մոտից մարզպետին իր մեքենայով հրելով հասցրել են մինչեւ մարզպետարան:





























