Հայաստանում ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնն ավելի լավն է, քան այն, որ ես տեսել եմ «Սիլիկոնյան հովտում»: Այս մասին, օրեր առաջ Բրյուսելում կայացած «Գերազանցություն տարածելով եւ անցնելով նորարարության սահմանները» գիտաժողովի ընթացքում նշել է ԵՄ Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը՝ անդրադառնալով Հայաստան կատարած այցին ու կիսելով իր տպավորությունները:
Կարլոս Մոեդասը իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Երկու շաբաթ առաջ առաջին անգամ այցելեցի Հայաստան եւ մասնակցեցի «Արեւելյան գործընկերության» երկրների գիտության նախարարների հանդիպմանը: Այն տարածաշրջանում գիտության զարգացմանն ուղղված իր տեսակի մեջ առաջին նմանատիպ նախաձեռնությունն էր: Հայաստանում ես ականատես եղա մի երեւույթի, որն արժանի է հիշատակման: Երեւանում այցելեցի ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն: Այն դպրոցահասակ երեխաների համար նախատեսված կենտրոն է, որը հնարավորություն է ընձեռում փորձարկումներ կատարել թվային տեխնոլոգիաներով եւ իրենց ստեղծարարությամբ: Ոչ մի երեխա պարտադրված չէ հաճախել «Թումո», սակայն կենտրոն այցելելու համար հերթեր են գոյանում: Երեխաները պաշտոնական վկայական չեն ստանում, փոխարենը` ստեղծում են իրենց ծրագրերի եւ կարողությունների փաթեթը: Երեխաները ձեւավորում են միավորումներ` զուգակցելով արվեստը, գիտությունը եւ իրենց նախասիրությունը: «Թումոյի» միջավայրն ու տեխնիկական հագեցվածությունն ավելի լավն էր, քան այն, որ ես տեսել եմ «Սիլիկոնյան հովտում»: Այս ամենն ավելի ամրապնդեց իմ այն համոզումը, որ գերազանցություն գոյություն ունի ցանկացած երկրում: Մեր գործը՝ իբրեւ քաղաքականություն մշակողներ, գերազանցությունը խրախուսելն է, այն հայտնաբերելը, սնուցելը, աջակցելը, եւ այն միջազգային գերազանցության կենտրոն դարձնելը»,- նշել է ԵՄ Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը:
Նշենք, որ նոյեմբերի 18-ին Երեւանում տեղի ունեցած Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերին նվիրված Արեւելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաեւ ԵՄ Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը:





























