Ադրբեջանի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկրի նպատակը ԼՂՀ հետ շփման գծում իրավիճակը սրելն է: Այս մասին ասված է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

«Հոկտեմբեր ամսին Ադրբեջանի հանցագործ գործողությունները` Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից առաջ (հոկտեմբերի 26-ին) ադրբեջանական կողմի հրաձգությունը, որը բերեց ԼՂՀ Պաշտպանության Բանակի (ՊԲ) զինծառայողի մահվան, հոկտեմբերի 14-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից ՊԲ զինծառայողի սպանությունը, հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի կողմից առեւանգված հայ երիտասարդի սպանությունը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կողմից դիպուկահարներին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծից հետ քաշելու առաջարկերի մերժումը Բաքվի կողմից, վկայում են ադրբեջանական կառավարության հետեւյալ նպատակների մասին. Ադրբեջանը ԼՂՀ հետ շփման գծում իրավիճակը սրելու նպատակ ունի. վերը նշված գործողությունները որակվում են` որպես ռազմական գործողությունների վերսկսման համար սադրանք; այդ ագրեսիվ վարքագծով Բաքվի իշխանությունները տեղեկատվական անհրաժեշտ բազա են ապահովում նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության բացարձակ հաղթանակի համար»,- նշում են հայտարարության հեղինակները:

«Մի բան կարելի է հստակ արձանագրել. միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ-երկրները, «երես են տվել» ու «տալիս» Բաքվին, իսկ վերջինս էլ ավելի է լկտիանում:

Ադրբեջանի նման լկտիացած կառավարության հետ բանակցություններում առաջընթաց լինել չի կարող:

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը բեկում չի արձանագրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ միայն ադրբեջանական իշխանությունների հանցագործ վարքագծի ու խորհրդարանական առաջիկա ընտրություններով պայմանավորված ապակառուցողական կեցվածքի պատճառով, այլեւ այն պատճառով, որ բանակցություններում բեկման համար նախագահների նախորդ հանդիպմանը պետք է գոնե ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերվեր, ինչը տեղի չի ունեցել»,- ասված է հայտարարության մեջ: