Եթե Թուրքիան այդքան ուժ ունենար, որ Ասադին հեռացներ, վաղուց անվտանգության գոտի ստեղծած կլիներ։ Նման հայտարարություն է արել Իրանի հեղափոխության պահապանների բանակի փոխհրամանատար, գեներալ Ռեսուլ Սենայիրադը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական DHA գործակալությունը, Իրանի հեղափոխության պահապանների բանակի փոխհրամանատարը հայտարարել է, թե Թուրքիան Հորդանանի հետ միասին Սիրիայում ծայրահեղական խմբավորումներին լոգիստիկ աջակցություն է ցուցաբերում, իսկ ֆինանսական աջակցությունն էլ՝ Սաուդիան Արաբիան, Քաթարն ու ԱՄԷ–ն։

«Էրդողանի ուժը չի բավականացնի հեռացնել Ասադին։ Եթե Թուրքիան այդքան ուժ ունենար, որ Ասադին հեռացներ, վաղուց անվտանգության գոտի ստեղծած կլիներ»,–ասել է իրանցի գեներալը։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան Սիրիա է մտել Ասադին տապալելու համար, որից հետո ՌԴ–ն պարզաբանում էր պահանջել ասվածի հետ կապված՝ շեշտելով, որ Թուրքիան ստորագրություններ է դրել Սիրիայում քաղաքական լուծմանն ուղղված փաստաթղթերի տակ։