«ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» կուսակցության օրինագիծը սադրանք է, ամերիկյան PR: Այդ մասին հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ» հոլնդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով, «Ժառանգությունն» ի սկզբանե գիտեր, որ իր նախագիծը չի անցնելու, քանի որ նման գործողությունը կխախտեր պատերազմը զսպող ստատուս-քվոն: Ըստ Կարապետիչի, «Ժառանգությունն» ուղղակի փորձել է օրիգինալ երեւալ, իբր իրենք Ղարաբաղի ճանաչումը բոլորից շատ են ուզում:

«Երբ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի արտգործնախարար էր, այն ժամանակ տեղին կլիներ նման նախաձեռնություն անել, իսկ այժմ հղի է անցանկալի հետեւանքներով. «Ժառանգություն» կուսակցության տվյալ նախաձեռնությունը նախընտրական քայլ եւ ամերիկյան PR է: Եթե «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ուզում են որոշակի քայլեր անել, նրանք պետք է օգտագործեն իրենց լոբբիստական կազմակերպությունների ռեսուրսները: Թող սկսեն գործել ԱՄՆ-ում, թող Ռիչարդ Կիրակոսյանն անի դա»,- ասել է ԺԿ ղեկավարը:

Ինքը Կարապետյանը՝ Ղարաբաղի անկախության գաղափարի կողմնակիցն է, բայց դեմ է «Ժառանգության» նախաձեռնությանը: Բացի այդ, նա կցանկանար տեսնել Ղարաբաղը որպես Հայաստանի մարզերից մեկը: