Այսօր` հոկտեմբերի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ` մասնակցելու Աստրախան քաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների նախագահների միջեւ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, եռակողմ հանդիպումից հետո նախատեսվում է հանդիպում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Սերժ Սարգսյանը Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հովվի, տեղի իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայցելի նաեւ քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան եւ ծաղկեզամբյուղ կդնի հուշարձան-խաչքարին: Հուշարձան-խաչքարը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռեւս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու եւ ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի: