Ստամբուլի Մեջիդեքյոյ թաղամասում իր 2 ընկերների հետ զբոսնող Սեզեր Չելենքը բերման է ենթարկվել ոստիկանություն եւ դաժան ծեծի ենթարկվել՝ ոստիկաններին ընդդիմանալու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանատանը ծեծված Սեզեր Չելենքը նշել է, թե իր ընկերների հետ զբոսնելու ժամանակ ոստիկաններն առանց պատճառի մոտեցել են իրենց, պահանջել փաստաթղթեր, որի ժամանակ ինքն ընդդիմացել է ոստիկաններին՝ ասելով, թե ի՞նչ իրավունք ունեն առանց հիմքերի նման բան իրականացնել։ Սեզերի այս խոսքերը դուր չի եկել ոստիկաններին եւ նա բերման է ենթարկվել ոստիկանատուն։
2 երեխաների հայրը պնդել է, թե ինքը ոստիկանատնից զանգահարել է ոստիկանության թեժ գիծ եւ հայտնել, որ իրեն ոստիկանատանը պատրաստվում են ծեծել, սակայն հեռախոսով հանգստացրել են Սեզերին՝ ասելով, թե «Հանգիստ մնա, չեն ծեծի, ոստիկանատանը տեսախցիկներ են տեղադրված»։
Այնուհետ, 39-ամյա Սեզերի ձեռքից խլել են հեռախոսը եւ սկսել ծեծել՝ ասելով, թե նա կարող է մինչեւ նախագահ բողոքել։ Այդ ընթացքում ոստիկաններից մեկը բղավել է, թե ծեծելով կսպանեն այդ մարդուն եւ Սեզերին տեղափոխել են հիվանդանոց։
Սեզերը պնդել է, թե ինքը դիմել է դատաբժշկի ուղեգիր ստանալու, սակայն չեն տրամադրել։





























