Միանշանակորեն կարելի ասել, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ այսօր Աստրախանում կայանալիք հանդիպումն օգտակար կլինի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի դերը մեծացել է, այդ տեսանկյունից ակնհայտ է, որ այդ երկրի նախագահի նախաձեռնությամբ հանդիպումն օգտակար է լինելու։ Մյուս կողմից պարզ է, որ մեծ որոշումներ չեն կայացվի։ Բայց չի բացառվում, որ արվի հայտարարություն, որով հակամարտող կողմերին կոչ կարվի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ իր կարծիքով, այնուամենայնիվ, «շատ կոնկրետ բաներ չեն լինի»:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը կբարձրացնի նաեւ հանդիպման նախօրեին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների կողմից սպանված հայ զինծառայողի հարցը, Ստեփան Գրիգորյանը չբացառեց, որ հնարավոր արվելիք հայտարարության մեջ անդրադարձ լինի նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին եւ դրանց հետեւանքներին։ «Չի բացառվում, որ հայտարարության մեջ ֆիքսվի այն փաստը, որ կողմերը պետք է հարգեն Ժնեւյան կոնվեցիաները»,- ամփոփեց քաղաքագետը։
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կկայանա եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։
Հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները։




























