Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հիմնական նպատակն է Աստրախանում կայանալիք հանդիպմանը ամրապնդել ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկայիս դիրքերն ու զսպել պատերազմի սպառնալիքը: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն Աստրախանում:

«Ես որեւէ ակնկալիք չունեմ Ղարաբաղի բանակցային գորխընթացից, քանի որ Իլհամ Ալիեւը չի համաձայնի հայկական կողմի պահանջներին, իսկ Երեւանը համաձայնություն չի տա Ալիեւի պահանջներին: Տվյալ դեպքում Ռուսաստանի նախագահի նպատակն է ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությունը` պատերազմը բացառող փաստաթղթի տակ»,- ասել է նա:

Հարցին, պե՞տք էր, արդյոք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պահանջեր, որ Հեյդար Ալիեւի հուշարձանը բացվեր այլ քաղաքում, եւ ոչ Աստրախանում, Կարապետյանը պատասխանել է. «Դա տրամաբանական կլիներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ մեր իշխանությունները հաճույքով են կատարում տարբեր երկրների պահանջները: Օրինակ՝ Իրանում լաչակ են կպցնում, էնքան էլ սազում ա մեռածներին էդ լաչակը, ոնց որ ծնվել են էդ գլխաշորով: Դուք չեք տեսե՞լ Հրանուշ Հակոբյանին գլխաշորով, այնպես էլ ժամանակակից գույն էր` փիրուզագույն»,- ասել է Կարապետյանը: