Թուրքիայում JİTEM-ի նախկին անդամը խոստովանել է, որ ինքն ու իր ընկերները 2001 թվականին վերահսկողություն են իրականացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուսքյուդարում գտնվող տանը:

Էրհան Օզենը, ով շորթման համար ներկայումս գտնվում է Ամասիայի բանտում, ասել է, որ նա Ստամբուլի Ուսքյունդար թաղամասում  2001 թվականին երեք ամիս շարունակ  վերահսկողություն է իրականացրել Էրդողանի տան վրա: Վարչապետն այդ ժամանակ զբաղված է եղել «Արդարություն եւ զարգացում»  կուսակցության ստեղծմամբ:

«Մենք 2001 թվականին Էրդողանի տունը վերահսկում էինք JİTEM հրահանգով: Ես նրա մասին տեղեկատվություն էի հավաքում 3 ամսվա ընթացքում եւ հաղորդում իմ ղեկավար Յուսուֆին: Ես գիտեմ նաեւ, որ Թուրհան Չոմեզը փոխանցել է Էրդողանի տան էսքիզները»,-ասել է Օզենը:

Չոմեզը մի ժամանակ եղել է պատգամավոր «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից, իսկ հիմա կասկածվում է «Էրգենեկոնի» գաղտնի ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Օզենը նաեւ նշել է, որ  նա  JİTEM-ի համար աշխատել է մինչեւ 2004 թվականը:

JİTEM–ը ժանդարմերիայի անօրինական հետախուզական ծառայություն է, որի գոյությունը պաշտոնապես երկար ժամանակ չէր ճանաչվում եւ որը պատասխանատու է քրդական շրջաններում եւ Թուրքիայի հարավ արեւմուտքում  1990 ական թվականներին հազարավոր մարդկանց անհետացման մեջ: