Հոկտեմբերի 29-31-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա DigiTec Expo 2010 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Միջոցառումը համարվում է տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձություն։

Ցուցահանդեսի կազմակերպիչները մինչ ցուցահանդեսի մեկնարկը՝ հոկտեմբերի 27-ին հանդիպեցին լրագրողների հետ։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ ցուցահանդեսի մասնակից բոլոր ընկերությունները միջոցառմանը կներկայացնեն իրենց վերջին տեխնոլոգիական արտադրանքն ու վերջին նորությունները։ Կ. Վարդանյանի խոսքով՝ ցուցահանդեսի պատմությունը ցույց է տալիս, որ այս միջոցառման շնորհիվ տարբեր միջազգային առաջատար ընկերություններ մտնում են հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ եւ ստորաբաժանումներ են ստեղծում Հայաստանում, օրինակ՝ 2006 թ. National Instruments ընկերությունը ցուցահանդեսից հետո մուտք գործեց հայաստանյան շուկա:

Այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն մի շարք միջազգային ընկերություններ, օրինակ՝ գերմանական Կրոնե, ռուսաստանյան Samara State Aerospace University եւ սինգապուրյան Singapore Technologies Kinetics ընկերությունը, որն արդեն իսկ հայաստանյան փոքր ստորաբաժանումով կներկայանա ցուցահանդեսին եւ այլն։

«Իսկապես հույս ունեմ, որ այս տարի ցուցահանդեսի մասնակից հայտնի միջազգային ընկերությունները հաջորդ տարի Հայաստանում կհիմնեն իրենց տեխնոլոգիական ստորաբաժանումները»,-ասաց Կ. Վարդանյանը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով DigiTec-ը ոչ միայն զուտ հայկական, այլեւ տարածաշրջանային եւ անգամ միջազգային կարեւորության միջոցառում է, քանի որ  միջազգային տարբեր ընկերություններ իրենց սեմինարները եւ ֆորումները կապում են հենց այս ցուցահանդեսի հետ։

Բ. Ենգիբարյանի խոսքով՝ DigiTec-ին սկսել են  ներկայացվել ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների արտադրանքը, այլեւ բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների արտադրանքը, ծառայությունները եւ առաջարկները։

«Կարծում եմ, հաջորդ 5 տարիների ընթացքում ցուցահանդեսը կարող է լուրջ խթան դառնալ ոչ միայն տեղեկատվական, այլեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար»,- ասաց Բ. Ենգիբարյանը։

Իսկ «Դ-Լինկ Ինտերնեյշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանի խոսքով՝  ցուցահանդեսին կմասնակցի «Դ-Լինկ Ինտերնեյշնլ»-ի նախագահը, ով այցելում է միայն շատ խոշոր, համաշխարհային նշանակության ցուցահանդեսներ: «Մեր ընկերությունը լուրջ հեռանկարներ է տեսնում Հայաստանում եւ լուրջ ծրագրեր ունի եւ ընկերության համար պատիվ է աջակցել եւ դառնալ նման միջացառման գլխավոր հովանավորը»,-ասաց Ա. Շահնազարյանը։

Նախատեսվում է, որ DigiTec-ին կմասնակցեն 65 միջազգային եւ տեղական ընկերություններ։ Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել նորաստեղծ ընկերությունների մասնակցությանը ցուցահանդեսում: ԻՏՁՄ-ն, USAID/CAPS-ի հետ համատեղ, աջակցում են 12 նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին:

Տեղեկացնենք, որ DigiTec տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսը անցկացվում է 2005 թ.-ից։