Ավետիսյանների սպանության գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է։ Այն կկայանա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15–ին։

Նշենք, որ այսօրվա նիստը չի կայացել  տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բացակայության պատճառով։ Դատարանի կարծիքով նա կարող է ուզենալ միջնորդություն ներկայացնել եւ այդ պատճառով որոշել է հետաձգել նիստը։

Դատավոր Մհեր Արղամանյանը վստահեցրել է, որ այդ օրը վճիռ չի կայացվի։

Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2015-ի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Հետո նա դանակով հինգ հարված է հասցրել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին: Յոթ օր անց երեխան մահացել էր հիվանդանոցում:

Վալերի Պերմյակովն իր գործողությունենրը բացատրում է այն հանգամանքով, որ ուզում էր տուն վերադառնալ: Պերմյակովը ինքնակամ լքել է դիրքը՝ տանելով իր հետ ինքնաձիգը: Թափառելով գիշերային Գյումրիով՝ նա ցանկացել է խմել եւ կոտրելով Ավետիսյանների տան մատուհանը՝ մտել է նրանց տուն: Աղմուկից արթնացած Հասմիկ Ավետիսյանը բղավել էր: Պերմյակովի պնդմամբ՝ ինքը վախեցել էր եւ դրա համար սկսել էր կրակել: Ընդ որում, հարեւաններից ոչ մեկը կրակոցի ձայներ չի լսել: Սպանելով ընտանիքի անդամներին՝ Պերմյակովը զգեստափոխվել էր եւ դիմել փախուստի՝ իր հետ տանելով տնից վերցրած մի փոքր գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները: Ընդ որում, սեփական համազգեստն իր անունով եւ ազգանունով, ինչպես նաեւ ինքնաձիգը թողել էր Ավետիսյանների տանը: Պերմյակովին գտել էին ռուս սահմանապահները «Բայանդուր» ուղեկալի տարածքում:

2015-ի օգոստոսի 21-ին Գյումրիում կայազորային դատարանը Պերմյակովին դասալքության համար 10 տարվա ազատազրկման էին դատապարտել խիստ ռեժիմով գաղութում:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am