Սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով հոկտեմբերի 27-ին մահացել է Արգենտինայի նախկին նախագահ եւ ներկայիս նախագահի ամուսին Նեստոր Կիրշները։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով արգենտինական C5N հեռուստաալիքը։
Կիրշները չորեքշաբթի առավոտյան իրեն վատ էր զգացել եւ շտապ տեղափոխվել հիվանդանոց։ Կնոջ ուղեկցությամբ նախկին նախագահին տեղափոխել են Արգենտինայի Էլ-Կալաֆատե քաղաքի հիվանդանոց։ 2004 թվականից դա նրա հինգերորդ հոսպիտալացումն է։ Մի քանի րոպե անց նրա սիրտը կանգ էր առել։
Կիրշներն այս տարվա փետրվարին կդառնար 60 տարեկան։
2003 թվականին Նեստոր Կիրշները հաղթել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով 58,8 տոկոս ձայն։ Կիրշներն Արգենտինայի նախագահն է եղել 2003-2007 թվականներին, իսկ դրանից հետո նրան փոխարինել է իր կինը։



























