Կաթոլիկ եկեղեցին հանդես է գալիս Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզին մահապատժի ենթարկելու դեմ, հոկտեմբերի 27-ին հայտնել է Վատիկանի ռադիոն՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդիին: 

Լոմբարդին հայտարարել է, թե եկեղեցին դեմ է Ազիզի մահապատժին՝ չբացառելով, որ Վատիկանը միջամտի իրավիճակին դիվանագիտական խողովակներով, որ վճիռը չիրականացվի, իսկ հետագայում նաեւ վերանայվի:

Նշենք, որ հոկտեմբերի 26-ին Իրաքի գերագույն դատարանը երկրի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզին դատապարտել է մահապատժի: Ինչպես հաղորդում է Իրաքի պետական հեռուստատեսությունը, նա մեղավոր է ճանաչվել շիա մահմեդականների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մեջ 1999 թվականին:

Ազիզը իրաքյան ղեկավարության առանցքային դեմքերից էր, միակ քրիստոնյան էր Սադդամի շրջապատում, համակարգում էր արտաքին քաղաքականության հարցերը: 2003-ի ապրիլին նա ինքնակամ հանձնվել է ամերիկյան հրամանատարությանը, քանի որ իրեն մեղսակից չէր համարում Սադամ Հուսեյնի վարչակազմի կատարած հանցագործություններին:

2009-ին իրաքյան դատարանը նրան 7 տարվա ազատազրկման էր դատապարտել 1980-ականներին քրդերի բռնի տեղահանման համար: Նրան նաեւ մեղադրում էին 42 առեւտրականների սպանության մեջ: