«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կատարած ուսումնասիրության նախնական տվյալների համաձայն, համակարգիչների տարածվածությունը Հայաստանում բնակչության շրջանում չի անցնում 20 տոկոսից: Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հինադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` հավելելով, որ այդ է պատճառը, որ Հայաստանում իրականացվում է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որը նպատակ ունի համակարգիչների տարածվածությունը Հայաստանում հասցնել առնվազն 50 տոկոսի:
Բ. Ենգիբարյանի խոսքով` «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը կսկսվի նոյեմբերին: «Համաշխարհային բանկը պատրաստ է համաֆինանսավորել ծրագիրը եւ նրանց ֆինանսավորումը կլինի մոտ 3 մլն դոլար: Այժմ ծրագրի բանակցությունները գտնվում են վերջնական քննարկման փուլում»,-ասաց Բ. Ենգիբարյանը` նշելով, որ այդ ամենը մեկ ամսից ավել չի տեւի:
Ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենի` ծրագրի հիմնական փուլի համար արդեն իսկ ուսումնասիրվել է 1000-ից ավել խանութ, որոնցից նախնական ընտրվել է 40-ը, իսկ խանութների վաճառակետերի աշխատակիցները վերապատրաստում են անցնում:
«Համակարգիչների համար մշակվում է նաեւ լրացուցիչ բովանդակություն` տարրական գիտելիքներից մինչեւ ավելի բարդ օգտագործողների համար տեղեկությունների տրամադրումը»,-ասաց Բ. Ենգիբարյանը:





























