Փերդյուի Համալսարանի ուսանող Ջեսի Քոլինզը հարցում է իրականացրել համալսարանների շրջանավարտների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վճարում իրենց ստաժորներին խոշոր IT-ընկերությունները: Այս մասին գրում է «Хайтек»-ը:

Քոլինզի տվյալներով՝ Facebook-ն առաջարկում է տարեկան միջինում 109 526 ԱՄՆ դոլար աշխատավարձ եւ 79 737 ԱՄՆ դոլար բոնուս iOS ծրագրավողներին եւ ցանցային ինժեներներին: Google-ը սկսնակներին առաջարկում է 107 000 ԱՄՆ դոլար տարեկան աշխատավարձ եւ 27 327 ԱՄՆ դոլար միանգամյա բոնուս, իսկ Microsoft-ը՝ 107 455 ԱՄՆ դոլար տարեկան աշխատավարձ եւ 26 591 ԱՄՆ դոլար բոնուս:

Համեմատելով տարբեր հաստիքներ՝ ուսանողը  պարզել է, որ ծրագրային ապահովում մշակող մասնագետները մի քանի տասնյակ հազար ավելի շատ են վճարվում, քան նրանց՝ դիզայնի կամ վաճառքների բաժինների գործընկերները:

Հետաքրքրական է, որ նույնիսկ պետական սեկտորում երիտասարդ ինժեներները եւ ծրագրավորողները միջինում ավելի լավ պայմաններում են աշխատում, քան մասնավոր ստարտափերում:

Քոլինզի տվյալներով՝ համալսարանը նոր ավարտած կանայք IT-ում միջինում ավելի լավ են վճարվում՝ տարեկան 105 000 ԱՄՆ դոլարից մինչեւ 142 674 ԱՄՆ դոլար, քան տղամարդ շրջանավարտները, սակայն կանանց թիվը տեխնոլոգիական հաստիքներում միջինում չի գերազանցում 14%-ը:

Քոլինզի հարցումը դեռ չի ավարտվել. այն բաց է բոլոր ինֆորմացիա ունեցողների համար: