Այսօր` հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը օգտակար եւ կարեւոր էր: Լրագրողների հետ զրույցում նման կերպ է գնահատել Աստրախանի եռակողմ հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ակնհայտորեն գոհ էր դրանց արդյունքներից:

«Նախագահները քննարկեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորման մանրամասները: Վերահաստատեցին Մայնդորֆում ընդունված հռչակագրի դրույթները, ընդգծեցին, որ հակամարտության դիվանագիտական, քաղաքական լուծման ուղու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` ռազմական ոլորտում փոխվստահության մթնոլորտի բարձրացման եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Պայմանավորավածություն ձեռք բերվեց ռազմագերիների փոխանակման ու մահացածների աճյունների հանձնման վերաբերյալ, ինչպես նաեւ հետագայում եւս այդ  պայմանավորվածությամբ առաջնորդվելու մասին: Հանձնարարվեց ԱԳ նախարարներին շարունակել աշխատանքները եւ փորձել պայմանավորվածության գալ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ` մինչեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը»,- նշել է Է. Նալբանդյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Աստրախանում հոկտեմբերի 27-ին հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը: Այս եռակողմ ձեւաչափով նրանք հանդիպում են արդեն 6-րդ անգամ, որից երեքն այս տարի:

Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը կայացել է 2008 թվականի հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ: 2008-ի նոյեմբերի 2-ին մեձմոսկովյան Մայնդորֆյան պալատում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել էր Հռչակագիր, որտեղ սահմանվում էին ԼՂ խնդրի կարգավորման սկբունքները: Սա վերջին 15 տարվա ընթացքում առաջին փաստաթուղթն էր, որի տակ կողմերը ստորագրություն դրեցին: Ալիեւի ու Սարգսյանի հաջորդ հանդիպումները կայացել են 2009-ի հունվարի 28-ին` Ցյուրիխում,  մայիսի 7-ին` Պրահայում, հունիսի 4-ին` Սանկտ-Պետերբուրգում, հուլիսի 17-ին` Մոսկվայում: 2009-ի հոկտեմբերի 9-ին եռակողմ հանդիպում է կայացել Քիշնեւում, 2010-ի նոյեմբերի 22-ին`Կրասնայա Պոլյանայում: Վերջին հանդիպումը կայացել է 2010-ի հունիսի 18-ին` Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ կողմերին առաջարկվել էր Մարիդյան սկզբունքների վերջին տարբերակը: