Վերջին 30 տարում ողնաշարավոր կենդանիների շուրջ 20 տոկոսը հայտնվել է ոչնչացման սպառնալիքի տակ: Այս մասին ասված է Մայքլ Հոֆմանի գլխավորած գիտնականների խմբի պատրաստած զեկույցում, որը տպագրվել է Science ամսագրում:
Այդ փաստաթղթի վրա աշխատել է 150 մարդ: Հետազոտության արդյունքները լավատեսություն չեն նեշնչում. Երկիր մոլորակը կորցնում է ողնաշարավորներին:
Գիտնականները ուսումնասիրել են 25 780 ողնաշարավոր կենդանի, որոնք ընդգրկված են «Կարմիր գրքում»: Այդ ցանկում են կաթնասուններ, թռչուններ, սողուններ, երկկենցաղներ ու ձկներ: Հեղինակները եկել են եզրակացության, որ այս պահին երկրագնդի վրա ապրող ողնաշարավորների 20 տոկոսը գտնվում է ոչնչացման վտանգի տակ: Դրանցից 25 տոկոսը կաթնասուններ են, 13 տոկոսը` թռչուններ, 22 տոկոսը` սողուններ, 41 տոկոսը` երկկենցաղներ, 33 տոկոսը` ձկներ:
Համակարգված խմբերի 52 տեսակներ աստիճանաբար, տարեց-տարի մեկ կատեգորիայով մոտենում են ոչնչացող տեսակների կարգավիճակին:
Այդ գործընթացն ամենաարագը տեղի է ունենում հարավ-արեւելյան Ասիայում: Այս վտանգավոր գործընթացի պատճառներն ակնհայտ են. գյուղատնտեսական հողերի ընդլայնում, անտառների հատում, հողերի ոչ ճիշտ օգտագործում եւ այլն:



























