Եվրոպայի խորհուրդը պատրաստ է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորմանը: Այս մասին ԱՊԱ-ին ասել է Կիպրոսի ԱԳ նախարար Իոանիս Կասուլիդիսը:
«Նախագահության շրջանում մեր հիմնական սկզբունքն անաչառությունն է, մենք մտադիր չենք որեւէ մեկի կողմում լինել: Որքանով ինձ հայտնի է, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ամենագլխավորն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հավատարիմ մնան այդ գործընթացի խաղաղ կարգավորման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորություններին: Եվրոպայի խորհուրդն ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի միջնորդների ջանքերին բանակցությունների վարման ուղղությամբ: Կարծում եմ, որ մինչեւ հաջորդ ամառ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման անցկացումը ճիշտ քայլ կլիներ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման համար: Եվրոպայի խորհուրդն, իր հերթին, կարող է այդ գործում իր ներդրումն ունենալ՝ օգնելով կողմերի միջեւ փոխվստահության համար պայմանների ստեղծմանը մինչեւ հակամարտության լիակատար կարգավորում: Եվրոպայի խորհուրդն այս հարցում պատրաստ է երկու կողմերին օգնել»,- ասել է նա:





























