Թերթն անդրադառնում է վերջերս ԱՄՆ-ում ձերբակալված օրենքով գող Արմեն Ղազարյանին (Պզո, ով հանցաշխարհի թագավոր Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մերձավոր զինակիցներից էր:
Արմեն Ղազարյանը ծնվել է 1964 թվականի ապրիլի 26-ին, Երեւանում: Իր առաջին երկամյա ազատազրկումը ստացել 1989 թվականին` միլիցիայի աշխատակիցներին դիմադրելու համար:
Ներկայումս հանգուցյալ Բարսեղովի (Կիրպիչ) երաշխավորությամբ 1991 թվականին Դոնի Ռոստովում Ղազարյանին շնորհվել է օրենքով գողի կոչում: Միջոցառմանը հայտնի գողերից ներկա էին Դեմուրովը (Արտյուշա), ինչպես նաեւ քրեական հեղինակություն Իշխան Սարգսյանը (1995 թվականին Մոսկվայի կենտրոնում սպանվեց նշանառուի կրակոցից):
Իրավապահների տվյալներով, 90-ական թվականներին Ղազարյանի խմբավորումն ուներ ավելի քան քսան ակտիվ անդամ: Քրեական գործունեության ոլորտը` հրազենի, թանկարժեք քարերի եւ հազվագյուտ մետաղների ապօրինի շրջանառություն, թմրանյութերի մաքսանենգություն, մարդկանց առեւանգումներ, շորթումներ եւ ավազակային հարձակումներ: Խմբավորման անդամները լավ զինված էին, դյուրաշարժ, օգտագործում էին կապի, ինչպես նաեւ տեղեկատվության գաղտնի հայթայթման նորագույն միջոցներ:
Ֆինանսական միջոցները արտասահման փոխանցելու, այդուհետ դրանք լեգալացնելու համար Ղազարյանը օգտագործում էր Մոսկվայում հորդանանյան ավիաընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Մ.-ին:
Ինչ գործերով էր անցնում Պզոն
Պզոն անցել է մի քանի քրեական գործերով:
1993 թվական. Մոսկվա-Ռոստով մայրուղում օրենքով գողեր Աբոյի եւ Լյովայի սպանություն: Գումարած դրան` Ղազարյանն ու իր խմբի անդամները ձերբակալվեցին Մոսկվայում ձեռներեցի վրա ավազակային հարձակման համար:
1998 թվական. Ռոստովի մարզում գործարար Հակոբյանի առեւանգում:
1999 թվական. Երեւանում զինված հաշվեպարզումից հետո Պզոյին ձերբակալեցին իրավապահները, բայց այնուհետ մեղադրանքը հանվեց:
Նույն թվականին Ղազարյանն անցնում էր Երեւանում քրեական հեղինակություն Մելքոնյանի սպանության գործով: Հետաքննության վարկածով, սպանությունը գործել էր ոմն Սահակյան` Պզոյի պատվերով (ներկայումս Սահակյանը դաշնային հետախուզման մեջ է, թաքնվում է Մոսկվայում):
90-ականների վերջին Պզոն ստիպված էր շտապ հեռանալ Ռուսաստանից: Տեղափոխվեց ԱՄՆ, քանի որ մի քանի միլիոն դոլար էր «քցել» Դաղստանի հեղինակություններից: Ամերիկյան վիզա ստանալիս օրենքով գողը դեսպանատան աշխատակցին սահմռկեցուցիչ պատմություն պատմեց այն մասին, թե ինչպես են իր աչքի առաջ «բանդիտները ողջ-ողջ այրել հորը»: Հիմա էլ իբր սպառնում են իրեն: Այնինչ այդ ժամանակ հայրն ու մայրը ապրում էին Ստուդենչեսկայա փողոցում գտնվող իր մոսկովյան բնակարանում:
Հատուկ ծառայությունների տվյալներով, Պզոն Դեդ Հասանի կողմից «նայողի» պես մի բան էր Լոս Անջելեսում եւ զգալի ավանդ էր ներդնում գողական գանձանակում:





























