Դարեմի համալսարանի բրիտանացի գիտնականները վերլուծել են օրվա տեւողությունը վերջին 3000 տարիներին ու հանգել այն եզրակացության, որ հարյուր տարին մեկ օրը գրեթե 2 միլիվայրկյանով երկարում է, փոխանցում է Informing–ը։
Մասնագետները հավաքել ու համեմատել են Երկրի պտույտների մասին պատմական տվյալների հսկայական քանակություն, որոնք վերաբերում են Ք․ա 780-ից մինչեւ 2015 թթ․ ժամանակահատվածին։
Օրվա ճշգրիտ չափումները սկսվել են 1964-ին Միջազգային ատոմային ժամանակի ներմուծումից։ Մինչ այդ ստիպված էին բավարարվել աստղագետների, հնագետների ու երկրաֆիզիկոսների տվյալներով, նաեւ հիմք ընդունել պատմական տվյալները։
Մասնագետների կարծիքով օրվա տեւողության ավելացման, համապատասխանաբար նաեւ Երկրի պտույտի դանդաղման պատճառը ներքին շփումը չէ, որը առաջանում է Լուսնի ու մակընթացության ուժերի ներգործության տակ, այլ զանգվածների վերաբաշխումը, որը տեղի է ունեցել սառուցադաշտերի հալելու հետեւանքով։ Ընդ որում, ըստ գիտնականների, վերջերս Երկրի պտույտի արագությունն ավելի արագ է սկսել կրճատվել։





























