Երեկ Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման դերը չի կարելի գերագնահատել. սա հերթական, սակայն օգտակար հանդիպումն էր։
Հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը։
«Հայաստանի, Ռուսատանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարելի է գնահատել օգտակար եւ կարեւոր՝ մի շարք հանգամանքներից ելնելով։ Նախ՝ ընդունվեց հռչակագիր, որտեղ հստակ հղում էր արվում 2008 թվականի Մայնդորֆյան հռչակագրին։ Իսկ այդ հռչակագրի մեխը, ինչպես հայտնի է, ուժի չկիրառումն ու հակամարտության լուծումն են միջազգային իրավական նորմերի համաձայն։ Այսինքն՝ այստեղ Ադրբեջանը հարված ստացավ»,- ասաց Շարմազանովը՝ դա բացատրելով հետեւյալով. «Վերջին շրջանում Բաքուն ասում էր, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչն այս հռչակագրում մերժվեց։ Համանախագահող երկրներից Ռուսաստանը եւ նրա նախագահը գտնում են, որ խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ լուծում»,- ընդգծեց ՀՀԿ պատգամավորը՝ եռակողմ հանդիպման ձեռքբերումներից մեկն էլ անվանելով հումանիտար բնագավառում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված՝ ռազմագերիների փոխանակման եւ սպանվածների դիկաների վերադարձի հարցի շուրջ պայմանավորվածությունը։ «Այս իմաստով կարեւոր արդյունքներ կարող են լինել։ Սակայն ես ծայրահեղ լավատես չեմ, որովհետեւ ադրբեջանական կողմը բանակցություններից հետո դիվերսիաներ է կազմակերպում կամ Բաքու վերադառնալով՝ միջնադարյան սուլթանի քաղաքականություն է վարում»,- նկատեց Շարմազանովը:
ՀՀԿ պատգամավորի խոսքով, ամեն ինչից առաջ Ադրբեջանը պետք է ապացուցի, որ պատրաստ է աշխատել հիմնարար սկզբունքների շուրջ եւ ոչ թե միայն տարածքային ամբողջականության մասին խոսի։ «Պետք է հաշվի առնել նաեւ ԼՂՀ դիրքորոշումը, որովհետեւ առանց ԼՂՀ դիրքորոշման հնարավոր չէ հասնել որեւէ հիմնարար սկզբունքի։ Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանության որեւէ մեկը չի կարող տնօրինել նրա ճակատագիրը»,- նկատեց ՀՀԿ մամուլի քարտուղարը։
Ամփոփելով՝ Շարմազանովն ասաց, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական, շրջադարձային լուծում գոնե այս փուլում դեռեւս չի տեսնում։ «Կարեւոր գործողությունները դեռեւս առջեւում են»,- համոզմունք հայտնեց նա։




























