Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 28-ին այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի հիմնման 10-ամյակի կապակցությամբ բացվել է ցուցահանդես:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել են կերպարվեստի բնագավառում անցած տասը տարիներին Նախագահի մրցանակին արժանացած աշխատանքները:
«Հանրապետության Նախագահի մրցանակ»-ն ամենամյա է եւ նպատակ ունի արժանիորեն գնահատելու եւ խրախուսելու մշակույթի, գիտության ոլորտի երիտասարդ ու ավագ սերնդի հայ գործիչներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել այդ ոլորտներում: Ցուցահանդեսի շրջանակներում մրցանակակիրները նաեւ հնարավորություն կունենան վաճառել ներկայացված աշխատանքները:
Մինչ օրս «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի է արժանացել ամենատարբեր մասնագիտությունների տեր 161 անհատ` բնական, հումանիտար, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ֆիզիկայի, բժշկագիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության եւ այլ ոլորտներում: Մրցանակի հիմնումից ի վեր, ոլորտների թիվն աճել է` 5-ից հասնելով 12-ի: ՀՀ նախագահի հրամանագրով հիմնված մրցանակների մաս կազմող դրամական պարգեւները հատկացնում է «Պողոսյան» հիմնադրամը` հանձինս Ժան եւ Ալբերտ Պողոսյանների:
Հայաստանի նկարիչների միությունում վերոնշյալ միջոցառումը նախաձեռնել է մրցանակաբաշխության կազմակերպման գործընթացն իրականացնող «Հայաստան» համահայկական հիմնադրամը:




























