Հայկական կողմը երբեք չի հայտարարել Ղարաբաղում պատերազմի անհավանականության մասին. մենք միշտ պատրաստ ենք դրան: Դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը հայտարարություն է անում, իսկ հետո ամբողջությամբ փոխում է իր դիրքորոշումը:

«Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում լինի, չեմ կարծում, որ այն որեւէ առաջընթաց կարձանագրի, ոչ մի արդյունք չի լինի: Մենք միշտ պատրաստ ենք պատերազմի: Բայց չեմ կարծում, որ պատրաստ է նաեւ Ադրբեջանը»,- ընդգծեց Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է: