Ադրբեջանի իշխանությունների ուղղակի պարտականությունն է ապրիլին Ադրբեջանի բանակի զինծառայողների իրականացրած հանցագործությունների քննության անցկացումը: Այս մասին Թալիշում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ապրիլյան իրադարձությունների հերթական միջանկյալ զեկույցը: 

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Թալիշը սաստիկ տուժել էր:
Զեկույցում փաստեր են ներկայացված Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կատարված հանցագործությունների մասին: Էթիկական պատկերացումներից ելնելով՝ զեկույցը ներկայացվել է երկու տարբերակով՝ հրապարակային եւ սահմանափակ: Երկրորդ տարբերակը ավելի մանրամասն տեղեկություն է ամփոփում, այդ թվում՝ կատարված հանցագործությունների լուսանկարներ:
Օմբուդսմենը նշել է, որ կարեւոր է անմիջական կատարողների եւ նրանց հրամանատարների պատասխանատվության հարցը:
Նա ներկայացրել է ադրբեջանական աղբյուրների տեսանյութ (դրանք հետագայում անհետացել են): Զեկույցի մեջ ներառված տեսանյութերից մեկը ներկայացնում է զինվորականի եւ գյուղացու զրույցը (այն ամբողջությամբ կներկայացվի զեկույցի երկրորդ տարբերակում, իսկ հրապարակային տարբերակում դրա մի մասն է (հայ զինվորի կտրված գլուխը տեսանյութից հանված է): Զինվորականին է մոտենում գյուղացին եւ շնորհակալություն հայտնում «կտրելու համար» (գլուխը): «Մենք չենք պնդում, որ նա է հենց հանցագործը: Բայց հաջորդ նյութում այդ նույն մարդուն Ադրբեջանի նախագահը պարգեւատրում է: Մեր եզրակացությունն այն է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլին հանցագործություն է կատարել, եւ դա բոլոր ուղղություններով համակարգված բնույթ է կրել, նրանց հսկողության տակ հայտնված բոլոր հայերի նկատմամբ՝ զինվորական եւ քաղաքացիական: Սա միջազգային հանրության համար ահազանգ է: Եվ միջազգային կազմակերպությունները պետք գնահատական տան: Ադրբեջանը պետք է քննություն անցկացնի: Դա նրա ուղղակի միջազգային պարտավորությունն է»,- ընդգծել է Ռուբեն Մելիքյանը:
ՄԻՊ-ը նշել է, որ բոլոր հնարավորությունները կօգտագործվեն զեկույցը տարածելու համար: Այն արդեն դիվանագիտական խողովակներով տարածվում է: Նա նաեւ չի բացառել, որ զեկույցը կուղարկվի նաեւ Ադրբեջանի օմբուդսմենին: