Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մակարդակով հանդիպումը բացառված չէ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքում կայացած  ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Բայց այդ հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետեւ մեր հարեւան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգի հանդիպումից առաջ, առ այն, որ  միջազգային իրավունքը ոչինչ է եւ ուժի կիրառումն է ամենակարեւորը»,-ասաց Հայաստանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով, այսպիսի հայտարարություններ 21-րդ դարում երկրի ղեկավարության կողմից անելը ցույց է տալիս, որ այդ մարդիկ իրականությունից լրիվ կտրվել են:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ  ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների առաջարկած մոտեցումներն ու Ադրբեջանի մոտեցումը չեն համընկնում եւ գնալով ավելի են հակասում իրար: