Ռուսական կողմը Աստրախանում կայացած հանդիպմանն արեց այն, ինչ պիտի աներ. պահպանեց ստատուս-քվոն եւ հրադադարի ռեժիմը: Այդ մասին հոկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս դեմ չէին տվյալ հանդիպմանը: «Ես չգիտեմ, թե ինչու է հանդիպումը կայացել հենց հոկտեմբերի 27-ին, բայց այն, որ դա պետք է կայանար մինչեւ Աստանայի գագաթաժողովը, կարեւոր էր Ռուսաստանի համար, որը մեծ նշանակություն է տալիս այդ գագաթաժողովին: Նաեւ մի ժամանակ էր, որը նախորդում է Ադրբեջանում կայանալիք ընտրություններին: Հանդիպմանը հաջողվել է ինչ-որ բանի հասնել եւ, ես չէի ակնկալում, որ համատեղ հայտարարություն կլինի»,- ասել է նա:

Քաղաքագետն ընդգծել է, որ համատեղ հայտարարության մեջ չկար «Մայնդորֆ» բառը, որը «խիստ տհաճ է Բաքվի համար»: