Վերլուծաբանների ու լրագրողների մեղքն այն է, որ նրանք գերագնահատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը: Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով. «ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կողմերի փոխարեն ոչինչ չի կարող անել: Նրանք դաշտ են բացում բանակցությունների համար, բայց եթե Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել, ապա միջնորդներն անզոր են»:

Նրա խոսքով, ներկայումս միջնորդների նպատակը բանակցային գործընթացը պահպանելն է: «Եթե այս ձեւաչափը չպահպանվի, ավելի վատ է լինելու: Ինչ վերաբերում է ռազմագերիների ու զոհվածների աճյունների փոխանակությանը, ես շատ խիստ կասկածում եմ, որ դա իրականություն կդառնա»,- ասաց նա:

«Այն ինչ տեղի է ունենում հիմա, դա Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված շանտաժի մակարդակի բարձրացումն է` շփման գծում բախումների միջոցով: Դա կապված է Ադրբեջանում ստեղծված իրավիճակի հետ, այլ ոչ Հայաստանում: Ադրբեջանին դա անհրաժեշտ է անել եւ դա նրանք անում են: Ադրբեջանական կողմի բանավոր սպառնալիքների նշաձողը հասել է իր մաքսիմումին եւ որպեսզի էլ ավելի բարձրացնեն այդ նշաձողը, նրանք գնում են հրադադարի ժեժիմի խախտման»,- ասաց քաղաքագետը:

Իսկանդարյանի ներկայացմամբ, ցանկացած հանդիպում, որտեղ խաղաղասիրական նախաձեռնություններ են արվում, Ադրբեջանը ոչ ադեկվատ է արձագանքում: «Վերջին հարցումների համաձայն, Ադրբեջանում ավելացել է մարդկանց թիվը, ովքեր կողմ են ռազմական ռեւանշին եւ նրանց մեջ շատ են երիտասարդները: Դրան պետք է ինչ-որ կերպ արձագանքել եւ Բաքուն հավասարակշռում է ռազմատենչ հռետորաբանությամբ  կամ զորքերի շփման գծում միջադեպերով: Բաքուն դիմում է ռազմատենչության, քանի որ այլ ելք չունի»,- ամփոփել է Իսկանդարյանը: