Առեւտրա-տնտեսական համագործակցության հարցերով ռուս- իրանական միջկառավարական մշտական հանձնաժողովն իր աշխատանքն է սկսում Թեհրանում։ Երկու օրվա ընթացքում ռուս ու իրանցի փորձագետները կքննարկեն փոխգործակցության հիմնական ուղղությունները ու առաջնային համատեղ նախագծերը առաջիկա հեռանկարում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մշտական հանձնաժողովի թվով 13-րդ նիստի ժամանակ կողմերը կքննարկեն համագործակցությունը էներգետիկայի, նավթի ու գազի արդյունահանման, տրանսպորտի, տիեզերքի, մեքենաշինության, բժշկական արդյունաբերության, ֆինանսական ու բանկային ոլորտներում։ Բանակցությունների թեմաներն են լինելու նաեւ միջտարածաշրջանային համագործակցությունը, զբոսաշրջությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, մի շարք այլ երկկողմանի փոխգործակցության ուղղություններ։
Ռուսական կողմից փորձագիտական խմբի աշխատանքին մասնակցելու են նախարարությունների ու գերատեսչությունների, առաջատար կորպորացիաների ու ընկերությունների ներկայացուցիչներ։ Աշխատանքների արդյունքներով հանձնաժողովը կստորագրի նիստի արձանագրություն ու երկկողմանի տնտեսական համագործակցության մասին փաստաթղթերի փաթեթ։





























