Յուրաքանչյուր տարի «Սինոփսիս» ընկերությունը Հայաստանում կատարում է 10 մլն դոլարից ավել ներդրումներ՝ չհաշված համալսարանններում կատարած ներդրումները, նվիրաբերած գործիքակազմերը եւ լրացուցիչ 6,5 մլն դոլարը, որը ընկերությունը ներդրել է շենքի վերակառուցման նպատակով։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը լիակատար նվիրում ունի Հայաստանի նկատմամբ եւ իր հիմնական արտադրանքի իրականացման գործում ապավինում է հայ ինժեներական մտքին։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ «Սինոփսիսի» միայն տեխնոլգիական ներդրումները, ծրագրային գործիքները եւ նոր մշակույթի ձեւավորումը Հայաստանում հարյուրապատիկ անգամ ավելին է, քան այն գումարները, որոնք Սինոփսիսը ներդրել է Հայաստանում։

«Ներդրումների մասին խոսելիս՝ մշակութային եւ տեխնոլոգիական ներդրումների  մասին չխոսել այնքան էլ ճիշտ չէ»,-ասաց Հ. Մուսայելյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ընկերության հայաստանյան ստորաբաժանումը ունի շուրջ 530 աշխատակից, 300 ուսանող, ինչպես նաեւ  50-60 պրոֆեսոր- դասախոս։

«Ես ուրախ եմ եւ հպարտ, որ մեր ընկերության շնորհիվ մոտ 1000 մարդ  արտագաղթի մասին այլեւս չի մտածում, քանի որ սովորում եւ հետագայում նաեւ աշխատանք է գտնում հենց իր հայրենիքում»,- ասաց Հ. Մուսայելյանը։