Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրոմին (նստավայրը՝ Երուսաղեմ) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը` շնորհավորելով դեսպան Մեյրոմին նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-իսրայելական հարաբերությունների առավել ամրապնդման գործում եւ ԱԳՆ-ի աջակցությունը հայտնել դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Մեյրոմը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրել է, որ իր երկիրը կարեւորություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնմանը եւ ինքը կանի առավելագույնը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու համար:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ: Այս ենթատեքստում Իսրայելի դեսպանը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը մերձավորարեւելյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ: