Ադրբեջանի զինուժը չի դադարում խախտել հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զենքից բացի նաեւ ականանետեր եւ նռնականետեր օգտագործելով: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով հակառակորդի գործողությունները:

«Ինչպես արդեն հաղորդվել է՝ անցյալ գիշեր ադրբեջանական զինուժը հրետակոծել է ԼՂՀ ՊԲ դիրքերը: Սա նորություն չէ, բայց այսօր, այսպես ասած, խորհրդանշական բնույթ էր կրում: Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանում նշում են այդ երկրի նախագահ Հեյդար Ալիեւի մահվան տարելիցը: Նա վախճանվել է 2003 թվականին, այսպիսով, այս իրադարձությունն այս տարի նշում են 14-րդ անգամ: Եվ ականանետից արձակված 14 կրակոցն ամենեւին էլ պատահական չէ: Այդ կերպ Ադրբեջանում «նշում» են Հեյդար Ալիեւի վախճանը: Բնականաբար, մենք չենք իմանա, թե հատկապես ինչ էր նշում որդին՝ Իլհամ Ալիեւը. հոր վախճանը, թե՞ գահին բարձրանալու առիթով ուրախությունը: Քանի որ եթե չմահանար Հեյդար Ալիեւը, Իլհամը նախագահ չէր դառնա, կամ կդառնար ավելի ուշ, եւ պատմությունն այլ կերպ կզարգանար»,- նշեց Դավիթ Բաբայանը: