Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի կարծիքով՝ Վերահսկիչ պալատի պնդումները հիմնադրամի թերացումների եւ խախտումների վերաբերյալ անհիմն են եւ վնասում են Հայաստանի տեխնոլոգիական իմիջին: Այս մասին նա ասաց դեկտեմբերի 12–ին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մտահոգությունը ՁԻՀ-ի հեղինակությանը վնաս հասցնելը չէ, այլ այն, որ նման գործողությունները վտանգում են Հայաստանի տեխնոլոգիական վարկանիշը: Նմանատիպ ազդակները վատ են անդրադառնում հայկական ՏՏ-ի զարգացման եւ գլոբալ հեղինակության վրա: Ինձ համար անհասկանալի է նման հետապնդումը եւ անկեղծ ասած միտումնավոր եմ համարում այն, քանի որ մեր բոլոր գործողությունները օրենքի շրջանակում են կատարվել: Պետք է զգույշ լինել,քանի որ գործ ունենք ՀՀ-ի համար կարեւոր՝ իմիջ ստեղծող ոլորտի հետ»,- ասաց ՁԻՀ տնօրենը:
Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Հիմնադրամը հետամուտ է լինելու արդարադատության հաստատման հարցում՝ տարօրինակ համարելով առանց քննարկումների քրեական գործի հարուցումը:
Հայաստանի գլխավոր դատախազությունը՝ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ կետի հատկանիշներով, քրեական գործ է հարուցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի դեմ՝ իրավասությունների չարաշահման փաստով: Մեղադրանքը հիմնված է Վերահսկիչ պալատի զեկույցի վրա:
Նոյեմբերի սկզբին Վերահսկիչ պալատը հրապարակել էր ՁԻՀ-ի գործունեության վերաբերյալ զեկույցը, որում արձանագրել էր բացահայտված թերացումներ եւ խախտումներ՝ կապված հիմնադրամի կողմից ստեղծված ընկերությունների բաժնետոմսերի օտարման պրոցեսների, ոչ նյութական ակտիվների, ակտիվների գնահատման, տրամադրված վարկերի, Գյումրու եւ Վանաձորի տեխնոպարկերի կառավարման, ինչպես նաեւ հայկական PicsArt, Soursio եւ այլ ընկերությունների բաժնետոմսերի օտարման եւ աջակցման հետ:
Ինչպես Գլխավոր դատախազությունից են հայտնում, պետական շահերի պաշտպանության կառավարման մարմինը, հիմնվելով Վերահսկիչ պալատի ներկայացված զեկույցի վրա, պարզել է, որ ՁԻՀ աշխատակիցները թույլ են տվել խախոտւմներ եւ չարաշահումներ՝ պետական միջոցների եւ հիմնադրամի կառավարման հարցերում:
Նախաքննությունը վարում է ՀՀ Քննչական Կոմիտեն:





























