Անկախ Լեռնային Ղարաբաղը պետք է ադրբեջանցիների հետ նստի բանակցային սեղանի շուրջ եւ ինքը որոշի իր ճակատագիրը, այլ ոչ թե Հայաստանը։ Այս մասին դեկտեմբերի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ԱԱԾ նախկին փոխնախագահ Գուրգեն Եղիազարյանը։
Նա ողջունեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը վաղուց արդեն կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել։ «Առաջին անգամ մենք նման հայտարարություն ենք լսում, որ Ղարաբաղը պետք է անպայման մասնակցի գործընթացին որպես ինքնուրույն կողմ»։
Եղիազարյանի խոսքով՝ ճանապարհը մեկն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես պետություն, իսկ ինչ կլինի հետագայում, կորոշի Ղարաբաղը։ «Ադրբեջանցիները սպասում են, որ մենք առաջինը հարձակվենք, նրանք միշտ դիպուկահարների եւ այլ միջոցներով վնաս են հասցնում հայկական կողմերին։ Բայց ես ողջունում եմ, որ մենք չենք հարձակվում առաջինը»,– հավելեց Գուրգեն Եղիազարյանը։





























