Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարի ցանկությունը` այցելել Հայաստան եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկելու նպատակով հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ իրագործմանը»,- ասել է ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչն ու Հասարակություն եւ Ժողովրդավարություն ասոցիացիայի նախագահ Բայբարս Օրսեքը ցանկանում են հոկտեմբերի 28-ին Երեւանում կոնֆերանս կազմակերպել, որը կրելու էր «Բացեք սահմանները` հանուն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընդհանուր ապագայի» խորագիրը: Նրանք արդեն Երեւանում են եւ վաղն առավոտյան հանդիպելու են հայ լրագրողների հետ:

«Հզոր Թուրքիա» կուսակցությունը հանդես է եկել նոր` հայ-թուրքական բարեկամության շարժում ստեղծելու նախաձեռնությամբ: Կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը հայտարարել է, որ շարժումը ստեղծվել է ի պատիվ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման տարելիցի:

Նորաթուխ կազմակերպության նպատակը երկու երկրներն իրար մոտեցնելն է: Կուսակցության առաջնորդի խոսքով, շարժման անդամ են արդեն 500 հոգի:

Մինչ այդ, հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան հայ-թուրքական սահմանի փակ լինելու դեմ բողոքի, խախտել են սահմանը եւ մտել Հայաստան:

Այնուհետ,  Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հերքել էր թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը: