Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբությունը, ողջունելով տիար Մ. Պիոտրովսկու հերթական այցը համայն հայության հոգեւոր կենտրոն, իր հայրապետական օրհնությունն է բերել եւ շնորհավորել վերջինիս Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ընտրվելու կապակցությամբ:
Անդրադառնալով Մայր Աթոռի թանգարանների եւ Պետական Էրմիտաժի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքի խոսք է ասել Էրմիտաժի տնօրենին Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժեքների վերականգնման եւ պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող աջակցության, մասնագիտական խորհրդատվության եւ Մայր Աթոռի թանգարանների աշխատակիցների վերապատրաստման համար:
Այնուհետեւ Մ. Պիոտրովսկին ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը` իր հերթին պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ զորակցությունը ցուցաբերելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ազգային-հոգեւոր արժեքների պատշաճ պահպանության գործում:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը եւ Մ. Պիոտրովսկին քննարկել են Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հաստատման 300-ամյակի առիթով 2017 թվականին Էրմիտաժում համատեղ ցուցահանդես կազմակերպելու հարցը: Ընդառաջ ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրենի առաջարկին՝ որոշվել է նաեւ «Էրմիտաժի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ եւ վարպետության դասեր անցկացնել Ս. Էջմիածնում:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, վերստին ընդգծելով Միխայիլ Պիոտրովսկու բարի վաստակը, մաղթել է, որ Աստված մշտապես Իր հովանու ներքո պահի ու պահպանի նրան:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Մայր Աթոռի Արխիվի եւ թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:





























