Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուշացած՝ 2009թ. զեկույցը վերջապես լսվել է Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի ընթացքում: Նշենք, որ զեկույցը պետք է ներկայացված լիներ դեռ տարվա սկզբին՝ գարնանային նստաշրջանին, սակայն «տեխնիկական պատճառներով» դրա ներկայացումը հետաձգվել էր:
Ինչպես նշել է ՄԻՊ Արմեն Հարությունյանը, 2009թ. Պաշտպանի գրասենյակ են դիմել ավելի քան 4,5 հազար քաղաքացիներ, հիմնականում երեւանցիներ: Դիմումների հիման վրա 378 մարդ վերականգնել է իր իրավունքները:
Որպես դրական առաջընթաց նա նշել է պետկառույցների թափանցիկությունը, որոնք հիմնականում չեն խուսափել տեղեկատվության տրամադրումից: 2009-ին ավելացել են բողոքները կրթության եւ գիտության նախարարությունից:
Անցած տարի քաղաքացիները, չխախտելով ավանդույթը, բողոքել են ոստիկանությունից, քաղաքապետարանից, դատարաններից եւ այլ ատյաններից:
Հարությունյանն ասել է, որ ԵԱՀԿ աջակցությամբ հետազոտություններ են անցկացվում Հայաստանի զինված ուժերում: Ըստ Հարությունյանի՝ պետք է զինվորների եւ սպաների մեջ ամրապնդել ծառայելու ցանկությունը, նաեւ համակողմանի ընտրել կադրերին, որոնք աշխատելու են ԶՈւ շարքերում:




























