ԱՄՆ-ի միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հարցում է անցկացրել Վրաստանի քաղաքացիների շրջանում, պարզելու համար թե ինչպես են նրանք պատկերացնում Վրաստանում ուժերի դասավորությունը 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Սահակաշվիլին արդեն նախագահ չի լինի:
Պարզվում է, որ իշխող «Միասնական Ազգային ժարժում» կուսակցությունը, որի առաջնորդը Սահակաշվիլին է, ներկայումս վայելում է Վրաստանի բնակչության 42 տոկոսի վստահությունը, իսկ մնացած կուսակցություններին համակրում է ընդամենը 22 տոկոսը:
Ավելին, Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը (56 տոկոս) համաձայն են, որպեսզի Միխայիլ Սահակաշվիլին իր նախագահական ժամկետի ավարտից հետո զբաղեցնի վարչապետի պաշտոնը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այսպիսով, եթե դա տեղի ունենա, Սահակաշվիլին կարող է կրկնել կառավարման ռուսական մոդելը, երբ Վլադիմիր պուտինը երկու նախագահական ժամկետ պաշտոնավարելուց հետո զբաղոցրեց երկրի վարչապետի պաշտոնը: Հիշեցնենք, որ ըստ Վրաստանի ընդդիմության, նման «մանեւրի» համար Սահակաշվիլին արդեն հիմա հիմքեր է ստեղծում:
Վերջերս Վրաստանում փոփոխություններ են կատարվել երկրի Սահմանադրության մեջ, որը ենթադրում է կառավարման խառը մոդել: Այսպիսով, նախագահի լիազորությունները պետք է սահմանափակվեն, եւ դրանք տրվեն վարչապետին ու խորհրդարանին: Ընդ որում, այդ փոփոխություններն ուժի մեջ պետք է մտնեն աստիճանաբար, մինչեւ 2013 թվականը, երբ տեղի են ունենալու նախագահական ընտրությունները:





























