ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է նույն օրն Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ եվրոպական հանրության միջեւ կապերի ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականությունը հիմնված է հավասարակշռության եւ բազմաուղղվածության սկզբունքների վրա, եւ այս համատեքստում մեր հանրապետությունը շահագրգռված է ըստ ամենայնի խորացնել հարաբերությունները Եվրոպայի եւ այն ներկայացնող տարբեր կառույցների հետ:

Երկուստեք նշվել է Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

Հյուրերը բարձր են գնահատել Արցախի Հանրապետության հաջողությունները ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ՝ այն համարելով կարեւոր ողջ տարածաշրջանի համար:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Արա Բաբլոյանը: