Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ կատարել ռազմագերիների ու զոհվածների աճյունների փոխանակման պարտավորությունները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոն:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է նպաստել լարվածության եւ հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի նվազեցմանը, որոք հաճախակիացել էին վերջին ամիսներին:

Վալերոն նաեւ կարծիք է հայտնել, որ ԼՂ խնդիրը հնարավոր է լուծել միայն «բաց երկխոսության ճանապարհով», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հրավերով, հոկտեմբերի 27-ին հանդիպել են Աստրախանում` եւ հանգամանալից քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Նրանք հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասվում է.

«Հաստատելով 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված  համատեղ հռչակագրի դրույթները, նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ռազմական ոլորտում վստահության միցառումների հարցում: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակում կատարել` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաեւ այդ մոտեցումներով ղեկավարվել նաեւ հետագայում` այդ հարցերում ելնելով բացառապես հումանիտար բնույթից»: