Apple-ի 30ԱՄՆ դոլար արժողությամբ լարային EarPods ականջակալները ակնհայտ առավելություն ունեն այսօր վաճառքի հանված 160 ԱՄՆ դոլար արժողությամբ անլար AirPods ականջակալների նկատմամբ, գրում է Business Insider-ը:   

Չնայած այն բանին, որ վաճառքի նոր հանված Apple-ի AirPods անլար ականջակալները համարվում են այս ծննդյան տոների ամենացանկալի նվերը՝ դրանք ակնհայտ կերպով զիջում են ընկերության նախորդ՝ լարային EarPods մոդելին:

Ինչպես գրում է պարբերականը, դրանց առավելությունը, եթե դա առավելություն կարելի է համարել, միայն անլար լինելն է, ինչն այնքան էլ չի արդարացնում դրանց բարձր գինը: Եւ ահա թե ինչու.

Գինը

EarPods-ն արժե 30 ԱՄՆ դոլար, AirPods-ը՝ 160 ԱՄՆ դոլար: Առավելությունն ակնհայտորեն EarPods-ինն է:

Երաժշտական թրեքերի կառավարում

EarPods-ով հնարավոր է նվագարկել/կանգնեցնել եւ կառավարել երաժշտության ձայնի բարձրությունը լարերի վրա հատուկ կոճակների միջոցով, մինչդեռ AirPods-ով նույն գործողությունների համար պետք է երկու անգամ թփթփացնել ականջակալին: Բայց սա ընտրովի կարգավորում է: Առանց այդ կարգավորման AirPods-ը չի կարող նվագարկել/կանգնեցնել եւ կառավարել երաժշտության ձայնի բարձրությունը մինչեւ չակտիվացվի Siri համակարգը, որի միջոցով էլ այդ հրամանները տրվում են: Ինչպես տեսնում եք, երկար գործողությունների շարան պետք է իրականացնել: Այս հարցում էլ առավելությունը EarPods-ինն է:

Հոսանք

EarPods-ի աշխատանքի համար հոսանք պետք չէ: AirPods-ը կարող է աշխատել 5 ժամ, դրանից հետո պետք է լիցքավորել դրանք:

Ինչ կլինի, եթե կորցնենք AirPods-ը

EarPods-ը կորցնելու դեպքում՝ կծախսեք 30 ԱՄՆ դոլար նորը գնելու համար, իսկ AirPods-ի մեկ ականջակալը կորցնելու դեպքում ստիպված պետք է ամբողջական կոմպլեկտ գնեք 160 ԱՄՆ դոլարով: Խոսակցություններ կան, որ Apple պատրաստվում է նոր առաջարկ ներկայացնել՝ համաձայն որի հնարավոր է AirPods-ի կորած մեկ ականջակալի փոխարեն գնել ոչ թե զույգ ականջակալների կոմպլեկտն, այլ մեկը, սակայն այն ավելին է արժենալու, քան 30 ԱՄՆ դոլարը: Այնպես որ, այս կետով EarPods-ը կրկին առավելություն ունի: