Մոսկվայում դրական են գնահատում հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները: Կրեմլի աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ ռուսական կողմը մտադիր է շարունակել աջակցությունը ԼՂ խնդրի կարգավորմանը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», աղբյուրը նշել է, որ անցած հանդիպումը թվով 7-րդն էր, որի նպատակն է մոտեցնել Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները:

«Ռուսաստանի նախագահը գիտակցաբար գնում է այդ աշխատանքին, թեեւ դա  նրան ոչ մի դիվիդենտ չի բերելու»,- ասել է Կրեմլի աղբյուրը, հավելելով, որ անիմաստ ու անիրատեսական է ամեն հանդիպումից հետո սպասել ինչ-որ մեծ արդյունքների:

«Հարցի արժեքը Կովկասի կայունությունն է, հանգստությունը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նորմալ հարաբերությունների վերադարձը»,- նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները եւ քննարկել ԼՂ խնդրի կարգավորման ընթացքն ու հեռանկարները: