Թուրքիայում մեծ իրարանցում է առաջ բերել Radikal օրաթերթի թղթակցի այցը Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարներ եւ PKK-ի թիվ մեկ դեմքի` Մուրադ Քարայըլանի հետ հարցազրույց վարելը։
NEWS.am-ը ներկայացնում է այդ հարցազրույցից մի հատված։
Ձեր հայտարարած զինադադարի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է։
Մենք կողմնակից ենք երկարաժամկետ զինադադարի։ Գնդակը թուրքական իշխանությունների դաշտում է։ Անհրաժեշտ է վստահություն ներշնչող քայլեր իրականացնել։ Դեռ որոշում չենք ընդունել, սպաում ենք։ Մենք ուշադիր հետեւում ենք զարգացումներին։ Ըստ իրավիճակի, որոշում կկայացնենք։
PKK-ի գործողություններից քաղաքացիական անձինք են զոհվում։ Չե՞ք տեսնում, թե մարդիկ ինչ վնասներ են կրում։
Շատ դեպքերում մենք մեղավոր չենք լինում։ Թուրքական իշխանությունները փորձում են իրենց սխալները մեզ վրա բարդել։ Ճիշտ է, մենք էլ սխալներ արել ենք։ Տեղը գա, ժամանակը գա, ներողություն էլ կխնդրենք։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ մեր գործողություններից քաղաքացիական անձիք չտուժեն։ Սա մեր ուղերձն է հանրությանը։
Լրատվամիջոցները եւ քաղաքական աշխարհը PKK-ին ահաբեկչական կառույց է համարում։ Դուք ահաբեկի՞չ եք։
Մենք ժողովրդական շարժում ենք։ Մեր դեմ հազարավոր ուժային ճնշումներ են իրականացվել։ Մեր ժողովրդի ակտիվ պաշտպանությունը, եթե անվանում են ահաբեկչություն, դա իրենց խնդիրն է։ Սակայն ակտիվ պաշտպանություն ընդունված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Մենք մի ժողովուրդ ենք, ում դեմ կայացվել է ոչնչացնելու որոշում։ Մենք մեր բնական իրավունքներն ենք պահանջում։ Անընդհատ ասում են, ահաբեկիչ, սակայն դա այդպես չէ։ Ազատագրական շարժումը չի կարող ահաբեկչական լինել։ Նելսոն Մանդելային էլ էին տարիներով ահաբեկիչ կոչում ու 27 տարի բանտ նստեցրեցին, սակայն հիմա նա խաղաղության աղավնու խորհրդանիշ է։ Նույնն էր Յասեր Արաֆաթը, ում տարիներով ահաբեկիչ էին ասում, հետո դարձավ նախագահ։ Ըստ թուրքական պետության՝ մենք էլ ենք ահաբեկիչ։ սակայն թուրքերը եկել, մեր հողերը գրավել, մեր լեզուն արգելել եւ մեր հարստությունները թալանել են։ Մենք այստեղ հազար տարուց ավել ապրում ենք։
PKK-ն ինչ տարբերակ է առաջարկում, զենքերի վայր դնելու եւ խաղաղություն հաստատելու համար:
Հիմնականում լուծման 2 նախագիծ կա։ Դրանցից մեկը մերն է։ Դա՝ ժողովրդավարական ինքնավարության ստեղծման տարբերակն է, Թուրքիայի կազմում` նոր Սահմանադրության ստեղծմամբ։
Մյուսը պետության լուծման տարբերական է: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2008-2009-ի իրադարձություններից հետո հասկացավ, որ արմատապես չի կարող իրականացնել ժխտման քաղաքականություն եւ սկսեց նոր քրդական քաղաքականություն իրականացնել։ Անհատական իրավունքի շրջանակում քրդերեն հեռուստաալիք բացեցին, ով ուզում է բղավում է, երգում է, բայց մայրենի լեզվով կրթությունը կրկին արգելված է։





























