Հոկտեմբերի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը կարեւորել է սփյուռքահայ երտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը եւ զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել «Արի տուն» ծրագրի  շրջանակներում ՀՀ պաշտպանության եւ սփյուռքի նախարարությունների համագործակցությունը` նշելով, որ համագործակցության զարգացումը իրատեսական է դարձնում ՙԱրի բանակ՚ ծրագիր իրականացնելու հնարավորությունը:

Պաշտպանության նախարարը պատասխանել է սփյուռքահայ երտասարդների հարցերին: Երիտասարդները հանդես եկան առաջարկություններով, այդ թվում` հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին ծառայելու հայոց ազգային բանակում: