Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին «պատմական եւ արժեքավոր» է գնահատել հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլը`պատասխանելով «Ազգ» օրաթերթի հարցին: 

Նրա մեկնաբանությամբ՝ վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները զարգացել են` ապահովելով բարձր մակարդակ: Այդ հարաբերությունները հիմնականում ծավալվում են տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում: «Հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումը ապացուցող ամենաթարմ փաստը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցն էր Իրան: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում էին բազմաթիվ նախարարներ, որոնք հանդիպումներ են ունեցել իրանցի գործընկերների հետ ու կնքել բազմաթիվ կարեւոր պայմանագրեր»,- նշել է Մոթաքին:

«Վարչապետ Սարգսյանի` Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ իրանական կողմն իր մտահոգությունն է արտահայտել Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջն ընթացող աշխատանքների վերաբերյալ եւ հերթական անգամ ներկայացրել իր առաջարկությունը` հանդիսանալ միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` հակամարտությունը խաղաղ եւ բանակցային սեղանի շուրջ լուծելու համար»,- ասել է Մոթաքին: