Այսօր՝ հոկտեմբերի 29-ին միջադեպ է եղել Հայաստանի Վճռաբեկ դատարանի շենքում:
Դատարանի կարգադրիչները շենքի մուտքի մոտ կանգնեցրել են փաստաբաններ Արամազդ Կիվիրյանին եւ Դիանա Գրիգորյանին եւ հայտնել, որ պետք է խուզարկեն նրանց եւ նրանց պայուսակները: Փաստաբանները օրենքի հետ լուրջ խնդիրներ ունեցող կարգադրիչներին հանգամանալից բացատրել են, որ խուզարկություն իրականացնելու համար նրանք պետք է համապատասխան որոշում ունենան: Կարգադրիչները, սակայն, չեն հանդարտվել եւ այժմ էլ հայտարարել են, թե զննություն են իրականացնելու: Արամազդ Կիվիրյանը մեջբերել է օրենքի պահանջը եւ նշել, որ զննություն անցկացնելու համար պետք է հիմնավոր կասկած ունենալ, որ անձի մոտ կարող են լինել անթույլատրելի առարկաներ, հակառակ դեպքում իրենք յուրաքանչյուր անձի, այդ թվում փաստաբաններին դիտարկում են որպես պոտենցիալ հանցագործ: Բնականաբար, կարգադրիչները որեւէ ողջամիտ փաստարկ չեն կարողացել ներկայացնել՝ շարունակելով պնդել իրենց ապօրինությունը: Արամազդ Կիվիրյանը մուտքի մոտ է թողել իր պայուսակը եւ բարձրացել նիստերի դահլիճ, սակայն նրան այս անգամ էլ արգելել են մտնել դահլիճ, անգամ սպառնացել են ուժ կիրառել, եթե նա հրաժարվի զննությունից: Կարգադրիչները նաեւ ստել են, թե իրենց գործողությունները համաձայնեցրել են դատավորի հետ, եւ վերջինս կսպասի մինչեւ իրենք կատարեն իրենց գործողությունները: Մինչ փաստաբանները ստիպված են եղել իրավունքի դասեր տալ դատարանի շենքում կարգ եւ իրավունք պաշտպանելու կոչվածներին, դատավորը ավարտել է նիստն ու հեռացել:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արամազդ Կիվիրյանը, ինքը չի բացառում, որ կարգադրիչների գործողություններում կոնկրետ միտում է եղել խափանել իրենց մասնակցությունը դատական նիստին:
Իսկ Դիանա Գրիգորյանը իր հերթին հայտնեց, որ կարգադրիչներն իրենց հակաօրինական պահանջով վիրավորում են փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը՝ նրանց սովորական հանցագործի տեղ դնելով:





























